5 կարևորագույն SEO գործոնները, որոնք պետք է հաշվի առնել

5 կարևորագույն SEO գործոնները, որոնք պետք է հաշվի առնել

Օրգանիկ որոնման արդյունքներում մրցակիցներին գերազանցելը շատ արդյունավետ կարող է լինել Ձեր բիզնեսի համար։ Այն Ձեզ թույլ կտա ավելի մեծ թվով նպատակային այցելուներ ներգրավել դեպի Ձեր կայք, ինչն էլ իր հերթին կհանգեցնի Ձեր բիզնես վաճառքի աճին։

Ամենադժվարն այն է, որ գտնեք Ձեր մրցակիցներին գերազանցելու ամենաճիշտ ճանապարհը։ Այս անգամ մենք կքննարկենք հինգ կարևորագույն SEO գործոնները, որոնք պետք է հաշվի առնել, երբ SEO ռազմավարություն եք մշակում։

 

№1 Բանալի բառերի ուսումնասիրություն

 

Եթե ցանկանում եք բարելավել Ձեր կայքի SEO-ն, ապա հաստատ կիմանաք բանալի բառերի ուսումնասիրության կարևորության մասին։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում դրան։ Բաց թողնելով այս քայլը, կամ այն սխալ կատարելով՝ Դուք բացասական ազդեցություն կթողնեք Ձեր օնլայն հարթակի SEO ռազմավարության վրա։

Բանալի բառերի ուսումնասիրությունն իրենից ենթադրում է ճիշտ բառերի ընտրություն, որոնք բարձր վարկանիշ կստանան Google-ի կողմից։ Ամենատարածված երկու սխալներն են՝

1․ Ընտրել այնպիսի բանալի բառ, որը մրցակցային է և որի օգնությամբ դժվար կլինի բարձրացնել կայքի վարկանիշը
2․ Ընտրել այնպիսի բանալի բառ, որ մարդիկ չեն որոնում

Եթե SEO օպտիմալացմանը հատուկ բյուջե եք հատկացնում, ես խորհուրդ եմ տալիս օգտագործել SEO գերծիքներ, ինչպիսիք են օրինակ Ahrefs-ը կամ SEMRush-ը։ Այս գործիքները հեշտացնում են բանալի բառերի ուսումնասիրման գործընթացը՝ ապահովելով շատ կարևոր ցուցանիշների վերլուծություն, որոնք Ձեզ կօգնեն ճիշտ բանալի բառեր ընտրել։

Սակայն, նույնիսկ եթե բյուջե չեք նախատեսել, մի՛ անհանգստացեք։ Կան նաև հրաշալի անվճար գործիքներ։ Ubersuggest-ը և Google Keyword Planner-ը լավ տարբերակներ են։ Իհարկե, նրանք այնքան մեծ ցուցանիշներ չեն առաջարկում, որքան վճարովի գործիքները, այնուամենայնիվ, այս գործիքները կօգնեն Ձեզ առանձնացնել թիրախային բանալի բառեր։

Բանալի բառերի ուսումնասիրությունն Ubersuggest-ով


Օրինակ ես սկսում եմ պարզապես Google Keyword Planner-ով ստուգելով իմ պատկերացրած բանալի բառերը։ Այս գործիքն ինձ տրամադրում է ցուցանիշներ, ինչպիսիք են որոնման ծավալը (Search Volume․ այս թիվը ցույց է տալիս, թե ամսական քանի անգամ է տվյալ բանալի բառը որոնվում Google-ում), քլիքի արժեքը (Cost Per Click․ սա այն գումարն է, որ Ձեզնից կգանձվի տվյալ բանալի բառով գովազդ դնելու դեպքում։ Երբ օգտատերը որոնողական համակարգում փնտրում է Ձեր ընտրած բանալի բառը, հանդիպում Ձեր գովաղդած էջին և այցելում էջ, Դուք վճարում եք տվյալ բանալի բառի քլիքի արժեքը) և մրցակցությունը (Competition. Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան մրցունակ է բանալի բառը Ձեր ընտրած վայրում։ Այստեղ հաշվի է առնվում, թե ինչ էջեր են նյութեր առաջարկում տվյալ բանալի բառով։ Եթե կան մեծ թվով բարձր վարկանիշ ունեցող էջեր, ապա քիչ հավանական է, որ տվյալ բանալի բառը Ձեր օգտին կաշխատի)։

Google-ի Keyword Planner-ն առաջարկում է նաև նմանատիպ բանալի բառեր, որոնք որոշակի արդյունքներ են գրանցում։ Ես սիրում եմ ուսումնասիրել նաև այս ցանկը, քանի որ այստեղ կարող եմ արդյունավետ բանալի բառեր գտնել։

Առանձնացնելով բանալի բառեր, որոնք որոնման մեծ ծավալ և քիչ մրցակցություն ունեն՝ ես ստուգում եմ այս բառերը նաև Ubersuggest-ով։ Այստեղ ավելի ճշգրիտ ցուցանիշներ եմ ստանում։ Չնայած Ubersuggest-ը նմանատիպ ցուցանիշներ է առաջարկում, երբեմն կարևոր է համեմատել եկու տարբեր հարթակների արդյունքները։

Բանալի բառերը հստակ որոշելուց հետո ես անցնում եմ քոնթենթի պլանավորմանը և ստեղծմանը։

Անպայման կարևորե՛ք քոնթենթի բարձր որակը։

 

№2 Բանալի բառերի գործածություն

 

Կարևոր է խելացի գտնվել Ձեր քոնթենթում բանալի բառերի օգտագործման հարցում։ Գործածե՛ք բանալի բառերն այնտեղ, որտեղ դրանց անհրաժեշտությունը կա և քոնթենթը բնական կստացվի։ Սակայն, զգո՛ւյշ եղեք, որ անընդհատ օգտագործելով չկուտակեք բառերը։

Առանձնացրե՛ք ամենակարևոր բառերը, որպես թիրախային և պարտադիր օգտագործե՛ք դրանք՝ չմոռանալով պահել քոնթենթի տրամաբանականությունը։ Ճիշտ ընտրած բանալի բառերը ստիպված չեք լինի խցկել բովանդակության մեջ․ տրամաբանական քոնթենթը կպահանջի դրանց գործածությունը։

Հաջորդ կարևոր կետը տարատեսակ բանալի բառերի օգտագործումն է։ Միայն ճշգրիտ բանալի բառեր (exact match keywords) օգտագործելու փոխարեն, գործածե՛ք նաև հոմանիշ բառեր կամ արտահայտություններ։ Ծանոթացե՛ք տարատեսակ բանալի բառերի օգտագործման առավելություններին՝

  • Տրամաբանական տեսք որոնողական համակարգերի համար
  • Բարձր վարկանիշ տարբեր բանալի բառերի համար
  • Օգտագործողի փորձի (User Experience) ավելի բարձր ցուցանիշ

Բանալի բառերի ուսումնասիրություն

Ճշգրիտ բանալի բառերի հաճախ օգտագործումը միայն բացասաբար կազդի Ձեր էջի SEO օպտիմալացման վրա։ Google-ի ալգորիթմներն օգնում են հասկանալու, թե երբ է բանալի բառն անտրամաբանական օգտագործվել։

Բանալի բառերի և դրանց հոմանիշների բնական գործածության շնորհիվ՝ էջը բարձր վարկանիշ կստանա, այն էլ, ավելի մեծ թվով բառերի համար։

 

№3 Բարձր որակի քոնթենթ

 

Բարձր որակի քոնթենթը բարձր վարկանիշի գրավականներից է։ Եթե նույնիսկ ամեն ինչ ճիշտ անեք, սակայն չապահովեք հավաստի և վստահելի քոնթենթ, արդյունքի չեք հասնի։

Քոնթենթը պլանավորելիս կարող եք աչքի անցկացնել որոնողական համակարգի առաջին էջի արդյունքները և հասկանալ, թե ինչպես են այս էջերն օգտագործել բանալի բառերը։

Նման դեպքերոմ ես ինքս ինձ հարցեր եմ տալիս՝

  • Ինչո՞ւ են նրանք առաջին էջում։
  • Որքան է նրանց քոնթենթի ծավալը։
  • Որքա՞ն վիզուալներ են նրանք օգտագործել։
  • Որքա՞ն խորն են նրանք ներկայացրել թեման։
  • Քանի՞ հետադարձ հղում ունեն նրանք։

Եթե գտնեք այս բոլոր հարցերի պատասխանները, ապա կպատկերացնեք, թե ինչ պետք է անեք նրանց գերազանցելու համար։

Բարձր որակի քոնթենթ

Օրինակ ես, երբ քոնթենթ եմ գրում, իմ առջև նպատակ եմ դնում անել այն, ինչ մրցակիցներն են անում, բայց ավելի բարձր մակարդակի․ փորձում եմ ավելի մանրամասն ներկայացնել թեման, ավելի շատ վիզուալներ գործածել և ավելի մեծ թվով հետադարձ հղումներ ձեռք բերել։

Քոնթենթ պատճենելու (copy) միտքն ընդհանրապես հանեք Ձեր մտքից։ Սակայն, ճիշտ ուղղությամբ գնալու համար կարող եք օգտագործել որոշ վերնագրեր։ Եթե Ձեր մոտ ստացվի ապահովել ավելի բարձրորակ քոնթենթ քան մրցակիցներն են առաջարկել, ապա մեծ հավանականությամբ Դուք կգերազանցեք նրանց։

 

№4 Օգտագործողի փորձ

 

Բարձր որակի քոնթենթը և օգտագործողի փորձը Ձեր էջը կարժանացնեն թիրախային լսարանի հավանությանը։ Ես առանձնացրել եմ այս երկու կետերը, քանի որ դրանք բավականաչափ տարբեր են և ունեն առանձին կարևորություն։ Հնարավոր է՝ Դուք ունեք բարձր որակի քոնթենթ, որը, սակայն, օգտատիրոջ տեսանկյունից օպտիմալացված չէ։ Անշուշտ, Դուք կցանկանաք խուսափել նման իրավիճակից, ինչի համար պետք է առաջարկել օգտագործողի արդյունավետ փորձ։ Սա իրենից ենթադրում է՝

  • Ստեղծել բարձր որակի քոնթենթ
  • Մատչելի բովանդակություն
  • Օգտատերերին բարձր որակ ապահովել
  • Խուսափել երկար տեքստերից (առանց վիզուալների՝ նկար, վիդեո)
  • Անհրաժեշտության դեպքում ներառել աղբյուրներ և մեդիաներ

Օգտագործողի փորձ


Որոնողական համակարգերի գլխավոր նպատակը օգտատերերին հրաշալի փորձ ապահովելն է։ Նրանք ցանկանում են արժանանալ օգտատերերի վստահությանը և խթանել համակարգի հետագա օգտագործելիությունը։

Բարձրորակ քոնթենթը և օգտագործողի փորձը միայն օգտակար կլինեն կայքի վարկանիշի բարձրացման հարցում։


№5 Հետադարձ հղումներ

 

Հետադարձ հղումը (backlink) մեկ այլ կարևորագույն SEO գործոն է, որ հաշվի է առնվում կայքի վարկանիշի որոշման հարցում։ Եթե ցանկանում եք վարկանիշ ստանալ ինչ-որ բանալի բառի համար, որը բարձր մրցակցություն ունի, ապա հետադարձ հղումները դրական կազդեն որոնողական համակարգերի առաջնային արդյունքներում ներգրավվելու գործում։

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու են հետադարձ հղումները կարևոր։ Դրանք որոնողական համակարգերին ցույց են տալիս Ձեր քոնթենթի վստահելիությունը։ Ստացվում է, որ Ձեր բովանդակությունն այնքան հավաստի և հետաքրքիր է, որ տարբեր աղբյուրներ հղումներ են տեղադրում դեպի Ձեր էջ։

Նման արդյունքի հասնելու լավագույն միջոցներից մեկը էջի խթանումն է տարբեր հարթակներում։ Ներկայացրե՛ք էջը Ձեր հետևորդներին։ Եթե նրանք հավանեն Ձեր մոտեցումը, մեծ հավանականությամբ կտարածեն այն և հղումներ կտեղադրեն իրենց կայքերում։

Հետադարձ հղումներ

Մրցակից էջերի հետադարձ հղումները ստուգելը մեկ այլ տարբերակ է։ Եթե ինչ-որ երրորդ կայքում գտնեք հղում, որ տանում է մրցակցի կայք, և կարողանաք առաջարկել ավելի հավաստի քոնթենթ Ձեր կայքում, ապա կարող եք համագործակցել և փորձել արժանանալ մրցակցին բաժին հասած հետադարձ հղմանը։

 

Ամփոփում

 

Եթե ցանկանում եք որոնողական համակարգերում գերազանցել Ձեր մրցակիցներին, ապա արդեն ծանոթացաք կարևորագույն  SEO գործոններին, որոնք պետք է հաշվի առնել։ Հնարավոր է, որ որոշ հարցերում Ձեր մրցակիցները թերանում են։ Դուք պարտավոր եք օգտվել հնարավորությունից և բարելավել Ձեր կայքի էջերը բոլոր տեսանկյուններից։ Արդյունքում Դուք կարժանանաք որոնողական համակարգերի հավանությանը։ 
 

Guest Blogging Team

Հեղինակ ՝ Guest Blogging Team
Հրապարակվել է ՝ Դեկտեմբեր 12, 2019
Թարմացվել է ՝ Դեկտեմբեր 29, 2020