Ճիշտ Title․ SEO առաջխաղացում Title վերնագրով
Ողջույն բոլորին։ Կարծում եմ կհամաձայնվեք, որ վերնագիրը շատ մեծ դեր է խաղում այն հարցում՝ արդյոք Դուք կսեղմեք հղմանը նյութը կարդալու համար, թե՝ ոչ։ Ասեմ ավելին, վերնագիրը (Title) շատ կարևոր է նաև որոնման համակարգերի համար։ Այն պետք է լինի և՛ հետաքրքրություն առաջացնող, և՛ ինֆորմացիա պարունակող։ Եկեք սկսենք ամենասկզբից։
Title տեգը html կոդի մի մասն է, որը տեղ է գտնում «head» բլոկի մեջ։
Եթե գրում եք հոդված, հոդվածի վերնագիրը՝ նույն ինքը h1-ը, կարող է հանդիսանալ նաև title:
Կամ, եթե Դուք օգտագործում եք wordpress, կարող եք ներբեռնել SEO-plugin, օրինակ Yoast և ունենալ առանձին դաշտ title-ի համար։
TITLE-ը որոնման համակարգերին «պատմում է», թե ինչի մասին է Ձեր նյութը։ Այն հայտնվում է որոնման արդյունքում ՝ որպես կայք տանող հղում։
Վերնագիրը շատ կարևոր դեր է խաղում SEO առաջխաղացման մեջ։ Կարևոր է, որպեսզի փնտրվող բառը, բառակապակցությունը տեղ գտնի վերնագրում։ Սկզբում գրեք ամենակարևոր «բանալին», հետո երկրորդականը։ Բայց միշտ հիշեք մի շատ կարևոր բան։ Կլինի դա վերնագիր, թե կոնտենտ, գրեք այն մարդկանց համար, ոչ թե որոնողական համակարգերի։ Եթե չափից դուրս շատ օգտագործեք կրկնվող հիմնաբառեր, դա կդիտարկվի որպես սպամ։
Հիշենք մի քանի կարևոր բան Title-վերնագրի մասին
Երկարություն․ այն պետք է ունենա 50-60 նիշ՝ ներառյալ բացատները։ Կարող է լինել ավելի երկար, բայց ճիշտ է, երբ «բանալիները» գրվում են սկզբում, որովհետև որոնողական համակարգերը կարող են հաշվի չառնել այն, ինչ գրված է հետո։
Հիմնաբառերի դասավորություն․ սկզբում գրեք ամենակարևոր «բանալիները», հետո միայն ոչ այնքան կարևորները։
Մի կրկնեք վերնագրերը․ յուրաքանչյուր էջ պետք է ունենա իր title-վերնագիրը։ Երբեք մի գրեք ամբողջովին նույնը 2-րդ անգամ, հակառակ դեպքում դա կառաջացնի խնդիրներ։
Գրեք կոնտենտին համապատասխան վերնագիր․ այն, որ վերնագիրը պետք է լինի հետաքրքիր և «կանչող», դա պարզ է։ Բայց շատ կարևոր է, որ այն համապատասխանի և լինի Ձեր տեքստի հակիրճ նկարագրությունը։ Մի գրեք անիմաստ և ոչինչ չասող title-ներ։
Վերնագիրը մի դարձրեք հիմնաբառերի «հավաքածու»․ իրար հետևից մի գրեք «բանալիները»՝ առանց դրանց իմաստ տալու։ Օրինակ, պետք չէ գրել «SEO title, SEO title վերնագիր․ SEO տեքստ» ․ Ավելի ճիշտ կլինի՝ «SEO Title-վերնագիր․ SEO առաջխաղացում Title վերնագրով․կամ ինչպե՞ս գրել ճիշտ Title-վերնագիր »։
Title-վերնագիրն ու h1 վերնագիրը նույնը մի գրեք․ տարբեր գրելու դեպքում, երբ 2-ում էլ օգտագործված են keyword-ներ, նյութի՝ որոնման արդյունքում հայտնվելու հավանականությունն ավելի մեծ է։ Տեսականորեն, իհարկե, դրանք կարող են լինել նույնը։ հ1-ը դա հոդվածի վերնագիրն է, title-ը ամբողջ էջի։ Բայց աշխատեք անել այնպես, որ 2-ում էլ օգտագործեք ամենակարևոր բանալին, իսկ մնացածները կիսեք նրանց միջև՝ մի մասը title-վերնագրում, մյուս մասը՝ h1:
Title-վերնագրի քանի՞ նիշ է երևում որոնման արդունքում
Եկեք տեսնենք`
Yandex-ն ու Google-ը այս հարցում տարբերվում են։ Միևնույն վերնագիրը տարբեր երկարություններ ունեն։ 1-ին դեպքում 55 նիշ՝ չհաշված բացատները, 2-րդ դեպքում՝ 51։ Տարբերությունը լինում է և ավելի շատ։
Այս ամենից հետևություն։ Ամենակարևոր ինֆորմացիան՝ մինչև 50 սիմվոլ, գրեք Title-ի սկզբում։
Հիմա ավելի կարճ նրանց համար, ովքեր տեսնելով հոդվածի երկարությունը՝ ալարեցին կարդալ մինչև վերջ
- Title-վերնագրերը երբեք մի կրկնեք։ Դա կդիտարկվի որպես էջի դուբլիկատ։
- Նույն «բանալին» ամբողջովին նույն տեսքով 2-րդ անգամ մի օգտագործեք title-ում։
- Գրեք վերնագիրը մարդկանց, այլ ոչ թե որոնողական համակարգերի համար։ Այն չպետք է լինի ստորակետով անջատված «բանալիների» հավաքածու։
- Գրեք այնպիսի վերնագիր, որը միանգամից կպատմի Ձեր կոնտենտի մասին։ Պատահում են դեպքեր, երբ որոնողական համակարգը փոխում է title-ը։ Եթե ըստ նրա այն չի համապատասխանում իրականությանը, նա կարող է ինքը վերնագիր դնել՝ վերցնելով այն նյութից։
- Ամենակարևոր «բանալիները» օգտագործեք վերնագրի ամենասկզբում՝ մինչև 12 բառ կամ մոտ 50 նիշ։
Հեղինակ ՝
Shushanik Shahbazyan
Հրապարակվել է ՝
Հուլիս 31, 2017
Թարմացվել է ՝
Սեպտեմբեր 02, 2021