Հյուրային բլոգինգ. ինչպե՞ս ստանալ հետադարձ հղումներ

Հյուրային բլոգինգ. ինչպե՞ս ստանալ հետադարձ հղումներ

Ողջույն։ Այսօրվա թեման բավականին հետաքրքիր է և շա՜տ պետքական։ Մենք քննարկելու ենք հետադարձ հղումները, դրանց կարևորությունն ու ստանալու միջոցները։ Գնացինք։

Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ինչ է հետադարձ հղումը։ Դա այլ կայքից ստացած հղումն է դեպի Ձեր կայք։ Այսինքն, երբ որևէ կայքում տեղադրում են Ձեր կայք բերող հղում։ Վերջիններս շատ մեծ դեր են խաղում SEO մարքեթինգի մեջ, որովհետև որոնողական համակարգերն առաջնորդվում են այդ փաստով։

Ինչպիսի՞ն պետք է լինի հղում տվող կայքը

Մինչ այս արդեն նշել էի, թե ինչն է կարևոր նման դեպքում։ Նրանք, ովքեր բաց են թողել․

  1. շատ կարևոր է հղումներ ստանալ կայքից, որն իր թեմատիկայով համապատասխանում է Ձեր կայքին։ Այսինքն, եթե Դուք վաճառում եք պատուհաններ ու դռներ, ապա անիմաստ է հղում ստանալ ծաղիկներ վաճառող կայքից
  2. կայքը պետք է ունենա լավ հեղինակություն։ Եթե այն մեղմ ասած «սև ցուցակում է», ապա ինքնըստինքյան Դուք էլ կկորցնեք  Ձեր դիրքերը
  3. հղումներ ստանալ “վատ” կայքերից, դա արդեն շա՜տ լուրջ է 
  4. որքան բարձր է կայքի հեղինակությունը, այնքան ավելի թանկ և արժեքավոր  է նրա տված հղումը

Ինչ է վերը նշվածը նշանակու՞մ։

Կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը, ինչպես և կյանքի բոլոր պարագաներում։

Իհարկե, ստանալ առանց ջանք թափելու անվճար հղումներ, հնարավոր է։ Ասենք, Ձեր ասպարեզից մեկն ունի բլոգ, որի նյութերից մեկում Ձեր կայքի՝ իր հավանած ինֆորմացիան գրում է՝ հղում տալով սկզբնաղբյուր։ Շատ լավ է։ Բայց ավելի ակտուալ է, երբ մենք ինքներս ենք կառուցում այդ հղումային քաղաքականությունը՝ որոշ քայլեր անելով։ Իսկ այդ քաղաքականությունը կոչվում է հյուրային բլոգինգ (guest blogging):

Ի՞նչ է հյուրային բլոգինգը

Դուք գրում եք կոնտենտ, բնականաբար շա՜տ հետաքրքիր, և խնդրում այլ մարդկանց այդ հոդվածը տեղադրել իրենց կայքում՝ հղում տալով Ձեր կայք։

Հիմա կասեք՝ ինչպե՞ս գտնել նման մարդկանց։ Սովորում ենք ճիշտ փնտրել։ Որոնողական համակարգի (ես օգտագործում եմ գուգլ) փնտրման տողում գրում եք հիմնաբառը +

Հիմնաբառ + "guest post opportunities"

Հիմնաբառ +“this is a guest post by”

Հիմնաբառ +“submit blog post”

Հիմնաբառ +“guest posts wanted”

Հիմնաբառ +“guest poster wanted”

Հիմնաբառ +“looking for guest posts”

Հիմնաբառ +“become guest writer”

Հիմնաբառ + “submit guest post”

Հիմնաբառ +“guest author”

Հիմնաբառ +“want to write for”

Ահա Ձեզ փնտրելու 10 տարբերակ։ Փորձեք։ Փնտրման արդյունքում կհայտնվեն կայքեր, որտեղ ընդունված է հյուրային բլոգինգը։

Կայքերը գտանք։ Մնաց մնացածը։

 1-ին հերթին պետք է գրել նյութը, որը պետք է տեղադրվի։ Բնականաբար այն պետք է լինի գրագետ,  շատ հետաքրքիր և որակով։ Ոչ ոք չի ցանկանա իր կայքում տեղադրել անորակ նյութ։

Գրելուց հետո կապ ենք հաստատում այն անձնավորության հետ, ով կհամաձայնվի, կամ ոչ, տեղադրել նյութը։

Անել դա ամենահեշտ ձևով՝ ուղարկելով ընկերության առաջարկ ֆեյսբուքով, պետք չէ։ Եթե գտնվում եք նույն քաղաքում, փորձեք գտնել հանդիպման միջոցներ՝ ասենք ծանոթանալ որևէ միջոցառման ժամանակ, կամ ընդհանուր ընկերոջ միջոցով և այլն։ Եթե դա անհնար է, սովորեք գրել բարեհամբույր էլ․ նամակներ։

«Ողջույն․

Ես Շուշանն եմ։ Վաղուց հետևում եմ Ձեր բլոգին։ Այն շատ հետաքրքիր է։ Ես ևս մի միտք ունեմ, որը մոտ օրերս թղթին կհանձնեմ և անպայման կուղարկեմ՝ Ձեր կարծիքը լսելու համար։ Եթե այն հավանեք, հուսամ կհրապարակեք։

Հարգանքներով՝ Շուշան »

Մեկ այլ տարբերակ

Եթե Դուք պարբերաբար տեղադրում եք հյուրային նյութեր, այսինքն մշտական «հյուրային հեղինակ» եք, ապա նկատած կլինեք, որ այլ բլոգերներ մեկնաբանում են Ձեր նյութը։ Կարելի է իրենց շնորհակալություն հայտնել նյութի մեկնաբանություններում, այնուհետև ուղարկել անձնական նամակ՝ խնդրելով տեղադրել Ձեր նոր կոնտենտը՝

Ողջույն (անունը)

Շնորհակալ եմ «այս կայքում» իմ հոդվածը լավ մեկնաբանելու համար։ Հետաքրքիր գաղափար էր (եթե մեկնաբանությունում որևէ գաղափար էր ներկայացված,նշեք) Ես ունեմ նոր հոդվածի գաղափար, որը, կարծում եմ, կհամապատասխանի Ձեր կայքին։ Այն կունենա «վերնագրի անունը» վերնագիրը։ Ես այն կուղարկեմ այս շաբաթ։ Կրկին շնորհակալ եմ մեկնաբանության համար։

Հարգանքներով (Ձեր անունը)

Իսկ ինչպես ինֆորմացիա գտնել մեկնաբանողի մասի՞ն։ Նման դեպքերում երևում է նաև մեկնաբանողի նկարը։ Մկնիկը պահեք նկարին, սեղմեք աջ կոճակը, copy արեք url-ն և տեղադրեք այն գուգլի նկարների որոնման տեղում։

Նման մեթոդը Հայաստանում, կարծում եմ, ընդունված չէ։ Սա շատ լավ աշխատում է դրսում։ Իսկ մենք՝ հայերս, հղումներ տալ այդքան էլ չենք սիրում։ Երբ մեր լրատվական կայքերից մեկն ամբողջությամբ copy paste էր արել լրատվական նյութս ու տեղադրել իր կայքում առանց հղում տալու, գրեցի նամակ-խնդրանք, որպեսզի այսուհետ հղում տան կայքին։ Նամակս մնաց անպատասխան։

Կա մեկ այլ տարբերակ։ Գրում են կայքի անվանումը, բայց առանց հղման։ Դա մեզ առանձնապես օգուտ չէ։ Այսինքն այն, որ կլինեն մարդիկ, ովքեր կհավաքեն անվանումն ու կայցելեն կայք  առանց հղման, դա փաստ է, բայց դա չի օգնի որոնողական համակարգերին։

Այնպես որ, եթե աշխատում եք, կամ պատրաստվում եք աշխատել դրսի շուկայի համար, մի մոռացեք այս մասին։

Ընտրում ենք հյուրային բլոգերի

Հավաքեցինք մի ամբողջ ցանկ։ Հիմա ժամանակն է ֆիլտրել և թողնել միայն նրանց, ում հետ պատրաստվում ենք կառուցել հյուրային բլոգինգի հարաբերություններ։

Նրանք պետք է ունենան

  1. Բավականին հետևորդներ ֆեյսբուքում և թվիթթերում
  2. Իրոք ունենան անմիջական կապ Ձեր կայքի հետ
  3. Բարձրորակ ու հետաքրքիր կոնտենտ կայքում
  4. Ունենան բավականաչափ այցելուներ կայքում

Կան մի քանի բայցեր

Ուղղակի գտնել բլոգերի ու խնդրել տեղադրել քո նյութը, ճիշտ չէ։ Կլինեն մարդիկ, ովքեր կհետաքրքրվեն՝ արդյոք Դու հետևում ես իր բլոգին, թե առաջին անգամ ես տեսնում։ Գործը սկսեք նախապես։ Գրանցվեք կայքում, պարբերաբար կարդացեք, լավ կլինի, եթե նաև մեկնաբանեք որոշ հոդվածներ։ Սա մեծացնում է հավանականությունը, որ նա Ձեզ չի մերժի։

Եվ նամակ գրելիս անպայման նշեք, որ Դուք վաղուց եք ընթերցում իրեն, շատ եք հավանել հատկապես «նշեք որևէ հոդված» և այլն։ Այս ամենը որպես ապացույց։

Այս նյութում այսքանը։

 

Shushanik Shahbazyan

Article by: Shushanik Shahbazyan
Published on: September 04, 2017
Last updated on: September 02, 2021