Ինչո՞ւ է նկարների օպտիմալացումը կարևոր

Ինչո՞ւ է նկարների օպտիմալացումը կարևոր

 

Ինչպես միջազգայնորեն ընդունված ասացվածքն է նկարագրում՝ «Պատկերը հազարավոր բառեր է ասում»։ Այս ասացվածքը հիանալի կերպով արտահայտում է ժամանակակից միտումները։ Այսօր մենք տեսողական պատկերները գերադասում ենք բառերից։ Կայքերում նկարների կարևորությունը աստիճանաբար աճում է։ Հետևաբար, կարևորվում է նաև նկարների օպտիմալացումը:

 

Ի՞նչ է նկարների օպտիմալացումը և ինչո՞ւ է այն կարևոր

 

Պատկերների օպտիմալացումը բարձր որակի, ձևաչափի և չափերի նկարներ ներկայացնելու գործընթացն է, որն իրականացվում է՝ ֆայլի նվազագույն չափը պահպանելով: Նկարների օպտիմալացումը երաշխավորում է, որ ստացված պատկերը համապատասխանում է կոնկրետ բովանդակությանը, կայքի ընդհանուր դիզայնին և, վերջապես, Ձեր այցելուների ակնկալիքներին՝ անկախ օգտագործվող սարքից (համակարգիչ, հեռախոս, և այլն):

Նկարների օպտիմալացումը որոնողական համակարգերի համար

Իսկ ինչո՞ւ է նկարների օպտիմալացումը կարևոր։ Երբ հերթը հասնում է կայքերի օպտիմալացման կարևորությանը, վիզուալների դերը մեծ է։ Պատկերները Ձեր այցելուներին կապում են առաջարկվող ապրանքի/ծառայության հետ, հատկապես երբ դրանք Ձեր քոնթենթի հիմնական մասն են կազմում։ Եկե՛ք դիտարկենք, թե ինչ ազդեցություն է թողնում նկարների օպտիմալացումը։

 

✔ Բարելավում է նկարների որոնումը

Տեսողական տարրերն օգնում են պարզաբանել ներկայացված տեքստային քոնթենթը, միաժամանակ այն ավելի ընկալելի դարձնում ընթերցողի համար։ Օպտիմալացնելով նկարները որոնողական համակարգերի համար՝ Ձեր կայքն ավելի բարձր ցուցանիշ է գրանցում որոնման արդյունքում։ Նման կերպ Դուք թիրախավորում եք Ձեր բրենդի տեսանելիությունը և մեծացնում կայքի օրգանիկ այցելուների քանակը։

 

✔ Մեծացնում է կայքի բեռնման արագությունը

Տեքստային քոնթենթի և դիզայնի հիմնական տարրերի հետ համեմատած՝ պատկերներն ավելի մեծ ծավալի ֆայլեր են, ինչի պատճառով դրանք ավելի մեծ տարածք և բեռնման արագություն են պահանջում։ Ահա թե որտեղ է օպտիմալացման դերը։

Նկարների օպտիմալացումը բարելավում է կայքի բեռնումը և ավելի մեծ արագություն ապահովում։ Արդյունքում ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում Ձեր ապրանքներով կամ ծառայություններով, մինչդեռ Դուք որոշակի գեգաբայթեր եք խնայում Ձեր սերվերում։

կայքի բեռնման արագություն

 

✔ Մեծացնում է քլիքների թիվը

Վիզուալները բանալիներ են, որոնք փոխանցում են կայքի, բլոգի կամ բովանդակության իմաստը։ Մարդիկ սիրում են կիսվել այն էջերով, որոնք համապատասխան պատկերներ են ներկայացնում օրինակ սոցիալական ցանցերում։ Այսօր միայն տեքստային քոնթենթն այլևս հետաքրքիր չէ։

Սոցցանցերում տողադրված փոստն ավելի է հետաքրքրում հետևորդներին, եթե նկար է պարունակում։ Սակայն, միայն պատկեր տեղադրելը բավարար չէ։ Դուք պետք է օպտիմալացնեք նկարները և ստեղծեք հեշտ օգտագործվող կայք։

 

Նկարների օպտիմալացումը որոնողական համակարգերի համար

 

Արդեն իմացանք, որ նկարների օպտիմալացումը նպատակաուղղված է հնարավորինս բարձրորակ և նվազագույն ծավալի վիզուալների միջոցով գրավելու նոր այցելուների։ Օպտիմալացումն իր ազդեցությունն է թողնում պատկերի որոշակի հատկանիշների վրա, ինչպիսիք են նկարի որակը, չափը, ձևաչափը և մետա տվյալները։ Կարևոր է նկարների օպտիմալացման ընթացքում չկորցնել որակը։ Պատկերները պետք է լինեն պարզ և օգտատերերին հասկանալի։

Օպտիմալացնելով պատկերները՝ Դուք կարող եք ներկայացել դրանք ավելի փոքր ծավալով, քան նախնական ֆայլի չափն է՝ միաժամանակ աննկատ տեսողական տարբերությամբ:  Ընտրելով պատկերների ցուցադրման համապատասխան ձևաչափը՝ Դուք հանգում եք ֆայլի չափի լուրջ խնայողության՝ առանց որակը կորցնելու։ Պատկերները պարունակում են բազմաթիվ անհարկի մետա տվյալներ, որոնք պահվում են տեսախցիկների և այլ սարքավորումների կողմից: Բարելավելով պատկերների որակը, Դուք խուսափում եք նման ավելորդ տվյալների փոխանցումից:

Նկարի որակի և չափի օպտիմալացման անվճար գործիքներ

Նկարների օպտիմալացման անվճար գործիքներ

Կայքում տեղադրելուց առաջ վիզուալների օպտիմալացումը պատկերի որակի բարձրացման խելամիտ լուծում է: Առավել ֆանտաստիկ է այն, որ պատկերների օպտիմալացման գործիքների մեծ մասն անվճար են։ Ես կներկայացնեմ լավագույններից մի քանիսը՝

 

✔ Tiny PNG

Այս գործիքը նկարների անվճար օպտիմալացման ամենահին և առավել արդյունավետ գործիքներից մեկն է։
Օգտագործելով լրիվ օպտիմալացման տեխնիկան, Tiny PNG-ն նվազեցնում է ձեր PNG ֆայլերի չափը: Այն նվազեցնում է պատկերի գույների քանակը, այնպես որ հիշողության ավելի փոքր ծավալ է պահանջում տվյալների պահպանման համար։ Աննկատ թվացող փոփոխությունը չափի հսկայական տարբերություն է առաջացնում, ինչն էլ իր հերթին արագացնում է էջի բեռնման ժամանակը:

 

✔ Gift of Speed

Gift of speed-ը JPEG ձևաչափի նկարների օնլայն օպտիմալացման և չափերի փոփոխման ծրագիր է: Կարգավորելով պատկերի որակը և / կամ չափը՝ այս անվճար շարժիչը նվազեցնում է Ձեր JPEG ֆայլերի չափը:

 

✔ Optimizilla

Optimizilla-ն հնարավորություն է տալիս պահպանել նկարի հիանալի որակը հնարավոր ամենափոքր ծավալով։ Այս գործիքի օգնությամբ հնարավոր է օպտիմալացնել JPEG և PNG ձևաչափի նկարները։ Հարթակը ցուցադրում է նկարի նախնական և օպտիմալացված տարբերակները այնպես, որ Դուք կարող եք համեմատել պատկերները նախքան օգտագործելը։

 

Խորհուրդներ պատկերների օպտիմալացման վերաբերյալ

Երբ հերթը հասնում է նկարների օպտիմալացմանը, ճշգրիտ բանալի բառերի օգտագործումը կօգնի որոնողական համակարգերին ճանաչել Ձեր կայքը և ցուցադրել որոնման արդյունքներում։ Ծանոթացե՛ք այն ամենակարևոր գործոններին, որոնք պետք է հաշվի առնել նկարների օպտիմալացման ժամանակ։ 

 

✔ Անվանե՛ք Ձեր նկարները

Երբ նկար եք ընտրում կայքում տեղադրելու համար, այն ավտոմատ ստանում է տեսախցիկի անունը, օրինակ՝ «IMG_01»։ Ձեզնից պահանջվում է փոխել այս անունը և ընտրել անվանում, որը կպարունակի բանալի բառեր։ Սա օգնում է որոնողական համակարգերին հասկանալ Ձեր տեղադրած պատկերը և խթանել կայքի օպտիմալացումը։

 

✔ Գրե՛ք համապատասխան Alt թեգ

Alt թեգերն օգնության են հասնում, երբ բրաուզերն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում հասկանալ նկարը։ Կարող ենք ասել, որ Alt թեգը նկարի այլընտրանքային տարբերակն է, որն ապահովում է կայքի SEO օպտիմալացման արժեքը։

Համոզվե՛ք, որ Ձեր օգտագործած Alt թեգը համապատասխանում է տեղադրված նկարին և կապված է քոնթենթի հետ։

Alt և Title թեգեր

Alt և Title թեգերի վառ օրինակ է alt=“Website optimization” title="Website optimization”․

Alt և Title թեգեր

 

✔ Նվազեցրե՛ք Ձեր նկարի ֆայլի չափը

Երբ մարդիկ այցելում են Ձեր կայք, նրանցից որոշակի ժամանակահատված է պահանջվում կայքի բովանդակությունը բեռնելու համար։ Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է Ձեր տեղադրած ֆայլերի չափերից։ Որքան մեծ է ֆայլի ծավալը, այնքան երկար է տևում բեռնումը։

Նվազեցրե՛ք Ձեր նկարի ֆայլի չափը 

Եթե էջի բեռնման տևողությունը երկարում է, մեծ հավանականությամբ այցելուները դուրս են գալիս կայքից։ Նվազեցնելով պատկերների ծավալը՝ Դուք մեծացնում եք կայքի բեռնման արագությունը և նվազեցնում կայքը լքող այցելուների թիվը։ Մեկ այլ առավելություն է այն, որ կայքը նման արդյունք է ապահովում անկախ օգտագործվող սարքավորումներից։

 

Ամփոփում

 

Ընդհանուր առմամբ, SEO օպտիմալացման լայն ոլորտում պատկերների օպտիմալացումը մեծ դեր է խաղում։

Եթե նույնիսկ Դուք հետաքրքրված չեք որոնողական համակարգերի նկարների արդյունքներից ավելի մեծ թվով այցելուներ ստանալով, ամեն դեպքում մի քանի րոպե տրամադրեք նկարների օպտիմալացմանը։ Վստահ եղե՛ք՝ Google-ը կպարգևատրի Ձեզ։
 

Vera Mirzoyan

Հեղինակ ՝ Vera Mirzoyan
Հրապարակվել է ՝ Փետրվար 06, 2019
Թարմացվել է ՝ Մարտ 09, 2021